Այսօր` դեպտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրն է, ինչի կապակցությամբ հատկապես խիստ հագեցած գրաֆիկ ունի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը,  քանի որ նա ՀՀ-ում պաշտոնապես առաջինն  է  իրականացրել ներառական կրթությունը, երբ դպրոցի տնօրեն էր:  Տիկին Բախշյանը NEWS.am-ի հետ զրույցում կոչ է արել հասարակությանը հանդուրժողականության մի աստիճան ունենալ, որով գոնե նոր մարդիկ մեր պետության մեջ, անկախ իրենց ֆիզիկական մտավոր տարբերություններից իրենց զգան լիարժեք քաղաքացի:

Տիկին Բախշյան, որպես ներառական կրթության հիմնադիր, ի՞նչ եք կարծում, մեր երկրում ներառական կրթությունը կարողանո՞ւմ են պատշաճ կազմակերպել:

Ներառական կրթությունը գաղափարախոսություն է, որի հիմքում դրված է կրթություն բոլորի համար պահանջը:  Դա նշանակում է, որ բոլոր երեխաների համար, անկախ իրենց մտավոր հնարավորություններից, կրթությունը պետք է կազմակերպվի դպրոցում` յուաքանչյուրի հնարավորությունների սահմանում: Դա նշանակում է, որ հատուկ դպրոց պետք է գնան ծայրահեղ ինտելեկտի պակաս ունեցող երեխաները, ծայրահեղ դեպքերում: Բայց այսօրվա հատուկ դպրոցներում սոցիալապես անապահով երեխաներ էլ են գնում, դա պետք է բացառել:  Դա հանցագործություն է:

Տիկին Բախշյան հանրակրթական դպրոցում սովորելով՝ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները կարողանո՞ւմ են հաղթահարել բարդույթները, թե՞ հակառակը,   դրանք ավելի խորանում են լիարժեք երեխաների կողքին:

Այո, ինչու ոչ: Սեփական փորձից եմ ասում, երբ առաջին ֆիզիկական խնդրով երեխային ընդունեցինք հանրակրթական դպրոց, դա միանշանակ չընդունվեց , բայց գաղափարախոսությունը, որ այդ գործընթացը պետք է զուգահեռ տանես, այսինքն՝ կրթությունը բոլորի համար է, բոլորի իրավունքն է, ընկալվեց: Դրա համար պետք է վերապատրաստել ուսուցիչներին ու խոսել ծնողների հետ: Առաջին ընդդիմացողները ծնողներն են, նրանք հայտարարեցին, թե Բախշյանը դեբիլների դպրոց է սարքում, բայց հետո իրենք էլ համոզվեցին, թե դա ինչքան կարեւոր է եւ լրացնում է մարդկային հոգեբանական ներկապնակը:

Իսկ ընդհանուր առմամբ, մեր երկրում քայլեր արվո՞ւմ են, որպեսզի հաշմանդամներն իրենց լիարժեք քաղաքացիներ զգան:

Օրենքների առումով բավականին առաջադեմ ենք:  Այս տարվա մայիսին շատ կարեւոր կոնվենցիա վավերացրեցինք Ազգային ժողովում, որը նախագահի կողմից հաստատավեց հոկտեմբերին: Հայաստանը միանալով այդ կոնվենցիային՝ պարտավորվում է կրթությունից սկսած հավասար հնարավորություն ապահովել բոլորի համար: Դա վերաբերում է քաղաքաշինությանը, տրանսպորտին, թանգարաններին,  բոլոր հնարավոր ոլորտներին: Այսինքն, օրենքի մակարդակով՝ այո: Բայց իրականությունը շատ հեռու է: Ասեմ, որ շատ կարեւոր դեր ունեն այստեղ հասարակական կազմակերպություները: Նրանց հուշելով գործն առաջ է գնում, ինչը պատիվ է բերում նաեւ իշխանությանը:

Տրանսպորտի ուղղությամբ բոլորովին քայլ չի արվում, զրոյական մակարդակում է, աշխատանքի ապահովվածության առումով էլ չնչին քայլեր արվում են: