Թուրք փորձագետ Չենգիզ Աքթարը վստահ է, որ Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու հնարավորությունները փոքր են ու շարունակում են փոքրանալ: «Թուրքերը մոռացել են Եվրոպայի մասին: Շատ երկար ժամանակ ոչինչ տեղի չի ունեցել եւ ԵՄ անդամության հեռանկարները օրեցօր փոքրանում են»,- իրավիճակի իր գնատականն է տվել թուրք փորձագետը:

Հետաքրքրական է, որ Թուրքիայում անցկացված սոցհարցումների արդյունքում, Թուրքիայի ԵՄ անդամությանը կողմ է արտահայտվում հարցվածների 35 տոկոսը, իսկ դրա հիմնական պատճառն այն միտքն է, որ իրենք պետք չեն Եվրոպային, ինչպես հայտարարել են շատ եվրոպական երկրների ղեկավարներ:

«Սկզբում Անգելա Մերկելը հայտարարեց Թուրքիայի հետ „արտոնյալ պայմաններով հարաբերությունների“ մասին, որը նշանակում է, որ Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա այդ գաղափարն արտահայտեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին»,- կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Փոուլը: Հենց դա է պատճառը, որ օգոստոսին անցկացված հարցումների արդյունքում, թուրքերը Ֆրանսիան դիտում են որպես իրենց երկրի համար սպառնալիք, եւ միայն 0,64 տոկոսն է Գերմանիան համարում բարեկամ երկիր:

ԵՄ-ին ինտեգրումը շարունակում է մնալ Թուրքիայի իշխող կուսակցության գլխավոր նպատակը, այն էլ՝ միայն խոսքով: Թուրքիայի ընդդիմության լիդերներից Գյուրսել Թեքինի կարծիքով, եվրոպացիները թուրքերին թելադրում են ինչ եւ երբ անել, ինչին թուրք հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում: Թուրքիայի բնակչության մեծ մասը կարծում է, որ «ազգային ինքնիշխանության կորուստը» եւ այլ զոհողությունները, որոնք անհրաժեշտ են ԵՄ անդամության համար, դրան չարժեն: «Եթե ԵՄ-ն Թուրքիայի անդամության կոնկրետ ամսաթիվ նշեր, թուրքերը կրկին կպաշտպանեին անդամության գաղափարը»,- ընդգծել է Թեքինը: