Բաքուն եթե իրոք ցանկանում է ԼՂ հարցի կարգավորում, այլ ոչ` ստատուս-քվոյի պահպանում, ապա պետք է վերջ դնի իր դեստրուկտիվ քաղաքականությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում:
Անդրադառնալով ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նա նշել է. «Առաջին հերթին կառանձնացնեի այն մասը. որ Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար: Այդ տեսակետից, այո, շատ հստակ, միանշանակ էր ձեւակերպումը, իսկ դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց, իսկ մեր հարաբերությունները Արցախի հետ կառուցված են որպես իրավահավասար սուբյեկտների միջեւ հարաբերություններ»,- ասել է Քոչարյանը:
Ըստ նրա՝ նախագահի ամբողջ ելույթը նաեւ ուղղված էր, հարցը միայն քաղաքականից տեղափոխելու նաեւ դեպի իրավական դաշտ, որտեղ անընդհատ շահարկումներ է կատարում Ադրբեջանը: «Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս գագաթաժողովը, եւս մեկ անգամ բացահայտելով Ադրբեջանի մեկուսացումը, եւս մեկ անգամ Բաքվին շատ լուրջ ազդանշան տվեց, որ նա պետք է վերջ դնի իր դեստրուկտիվ քաղաքականությանը, եթե իսկապես կարգավորում է ուզում»,- նշել է Շ. Քոչարյանը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցել են ԵԱՀԿ անդամ 56 եւ գործընկեր 12 երկրների ղեկավարները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միասին հայտարարություն էին տարածել՝ ամրագրելով հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը, սակայն հաշված ժամեր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարություններն էր արել: Նա նաեւ հրաժարվել էր Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ նախապես ծրագրված հանդիպումից:





























