Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հանդես է եկել հայտարարությամբ` ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Հայտարարությունում ասվում է.

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն մտահոգված է ընդդիմության ակտիվիստ եւ «Հայկական Ժամանակ» անկախ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման վայրում ծեծելու, այնուհետեւ մենախուց տեղափոխելու վերաբերյալ հաղորդումներով:

Երեքշաբթի օրը իշխանությունները Փաշինյանին տեղափոխեցին «Արթիկ» փակ ռեժիմի բանտ: Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանը ԼՊԿ-ին տեղեկացրեց, որ այդ տեղափոխությունը հատուցումն էր այն բանի, որ Փաշինյանը շարունակում էր բանտից խմբագրականներ գրել եւ դրանք հրապարակել «Հայկական Ժամանակ» օրաթերթում: Ինչպես ԼՊԿ-ին հայտնեց Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը գրում էր Հայաստանի քրեակատարողական համակարգում ենթադրաբար առկա կոռուպցիոն երեւույթների մասին:

Նախքան Արթիկ տեղափոխվելը Փաշինյանը 4 տարվա ազատազրկման իր պատիժը կրում էր Երեւանի մոտ գտնվող Կոշ քրեակատարողական հիմնարկում` 2008 թ. փետրվարին Հայաստանում կայացած նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով (http://cpj.org/2008/03/restrictions-imposed-as-president-declares-emergen.php): Ըստ Գրիգորյանի, քրեակատարողական հիմնարկի ղեկավարները պարբերաբար Փաշինյանից պահանջել են հոդվածներ չգրել, սակայն նա շարունակել է գրել: Ինչպես հաղորդել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը (http://rus.azatutyun.am/content/article/2217528.html), «Արթիկ» տեղափոխվելուց կարճ ժամանակ առաջ՝ նոյեմբերի 11-ին, Փաշինյանի տեղեկացմամբ, ինքը երկու դիմակավոր անձանց կողմից իր խցում ֆիզիկական հարձակման եւ ծեծի է ենթարկվել:

«Մենք մտահոգված ենք այն հաղորդումներով, որ Նիկոլ Փաշինյանը բռնությունների է ենթարկվել՝ ի հատուցում բանտային պայմանների վերաբերյալ իր քննադատական մեկնաբանությունների, եւ Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում այդ հարցի կապակցությամբ իրականացնել անկախ հետաքննություն»,- նշեց ԼՊԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան: «Մենք կոչ ենք անում Հայաստանի քրեակատարողական ծառայության պաշտոնյաներին՝ երաշխավորել Փաշինյանի անվտանգությունը եւ բարելավել բանտում նրա պահվելու պայմանները»:

Ըստ տեղական մամուլի հաղորդումների, բանտի ղեկավարությունը ժխտում է, որ հարձակումը տեղի է ունեցել, եւ նշում, որ բժշկական հետազոտությունը Փաշինյանի վրա չի հայտնաբերել ծեծի նշաններ: Անկախ քննություն չի իրականացվել: Ինչպես հաղորդում է նորությունների կովկասյան Kavkazsky Uzel անկախ կայքը, իշխանություններն այսօր հայտարարել են, որ Փաշինյանը տեղափոխվել է, քանի որ նա, ըստ հայտարարությունների, քանիցս խախտել է Կոշի գաղութի չգրված օրենքները, եւ քանի որ վիճել կամ կռվել է խցակիցների հետ:

Ըստ տեղական եւ միջազգային մամուլի հրապարակումների, իշխանությունները Փաշինյանին ձերբակալել են 2009-ի հուլիսին եւ 2010-ի հունվարին դատապարտել՝ 2008 թ. մարտին մայրաքաղաք Երեւանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Յոթ մարդ մահացավ եւ ավելի քան հարյուրը վիրավորվեց այն բանից հետո, երբ ընդդիմության բողոքի ակցիաներն՝ ընդդեմ նախագահական կեղծված ընտրությունների, վերածվեցին բռնությունների: Տեղական մամուլի հրապարակումների համաձայն, Փաշինյանը սկզբում դատապարտվել էր յոթ տարի ազատազրկման, հետագայում պատիժը նվազեցվեց մինչեւ չորս տարվա»: