Թուրքիայի Շիիրտի նահանգի Էրուհի շրջանում եւ Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում սեպտեմբերի 8-ի երեկոյան թուրքական զինված ուժերի եւ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) քուրդ զինյալների միջեւ տեւական ռազմական բախումներ են սկսվել, որի ժամանակ զոհվել է 7 եւ վիրավորվել 5 թուրք զինվոր: Այս մասին տեղեկացնում է թուրքական haber7 կայքէջը:

Թուրքիայի Շիիրտի նահանգի Էրուհի շրջանում Չրահ լեռան վրա թուրքական զինված ուժերի եւ PKK-ի քուրդ զինյալների միջեւ սկսված զինված բախման ժամանակ թուրքական զինված ուժերի 6 զինվոր զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: Քուրդ զինյալների դեմ գրոհին մասնակցել են Sikorsky ուղղաթիռներ եւ հատուկ նշանակության զորաջոկատներ:

Համարյա միեւնույն ժամանակ Հաքքարիի Չուքուրջայի շրջանի Քազանի դաշտում թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ նույնպես բախումներ են տեղի ունեցել: Թուրքական զինված ուժերը կատարել են որոնողական աշխատանքներ, որի ժամանակ բախվել են PKK-ի քուրդ զինյալների հետ: Այս հատվածում նախնական տվյալներով զոհվել է 1 թուրք սպա եւ վիրավորվել 2 թուրք սերժանտ: Այստեղ թուրքական ցամաքային զորքերին նույնպես օդից աջակցել են ռազմական ուղղաթիռները: