Դեկտեմբերի 6-10-ին Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Պետական գնումների Հանձնաժողովի նիստի օրակարգում դրված է ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցը: Հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ այդ համաձայնագրին Հայաստանի անդամակցության ապահովման նպատակով դեկտեմբերի 5-11-ը Շվեյցարիա կգործուղվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը եւ Ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման եւ բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը:
2003 թվականին ԱՀԿ-ին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակներում Հայաստանն ստանձնել է ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրին անդամակցելու պարտավորություն: Համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցը ամրագրված է նաեւ ԵՄ-Հայաստան Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների նախապատրաստական գործընթացում: Համաձայնագրին անդամակցության գործընթացն սկսվել է 2009 թվականին:
Համաձայնագրին ՀՀ անդամակցության շրջանակներում նախ պատրաստվել եւ ԱՀԿ քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ նախնական առաջարկի (Initial Offer) փաթեթը: Այնուհետեեւ, 2009թ. դեկտեմբերին, 2010թ. փետրվարին, հուլիսին եւ հոկտեմբերին ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՀԿ Պետական գնումների Հանձնաժողովի նիստերին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ բանակցությունների արդյունավետ փուլեր է անցկացրել ԱՀԿ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների հետ:
ԱՀԿ Պետական Գնումների մասին համաձայնագրի անդամ են հանդիսանում ԱՀԿ 153 անդամ-երկրներից միայն 40-ը, իսկ 23-ն ունեն դիտորդի կարգավիճակ:
Բանակցային գործընթացում Հանձնաժողովի նախագահի, անդամների եւ երկրների պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաեւ ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամիի կողմից շատ բարձր է գնահատվել Հայաստանի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը եւ բազմիցս նշվել է, որ Համաձայնագրին ՀՀ անդամակցության գործընթացը ժամանակային առումով կլինի աննախադեպ, իսկ անդամակցության նման նպատակաուղղված գործընթացը կդառնա մոդել բոլոր մնացած երկրների համար:
Բանակցային գործընթացի նախորդ ամփոփիչ փուլի ընթացքում ՀՀ պատվիրակությունը երկկողմ ձեւաչափով բանակցությունների եւ Հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացրել է Հայաստանի վերջնական վերանայված առաջարկի նախագիծը (Final Revised Offer): Հաստատելով այն եւ նշելով, որ բանակցությունները կարող են համարվել ավարտված, Հայաստանի անդամակցության հարցը ներառվել է Հանձնաժողովի դեկտեմբերի 6-10-ին կայանալիք նիստի օրակարգում:




























