Արտաշատի քաղաքային զբոսայգում այս տարվա հունիսի 6-ին տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով հարուցված քրեական գործը նոր՝ հետաքրքիր ընթացք է ստացել: Խոսքը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի որդու՝ 22-ամյա Վահե Հովակիմյանի եւ Երեւանի բնակիչ 25-ամյա Ժորա Մարկոսյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին է: Վիճաբանությունը, ըստ լուրերի, «աղջկա թեմայով» է եղել եւ «թեմայի» քննարկումը շարունակվել է մոտ 45 րոպե տեւած ծեծկռտուքով: Վահե Հովակիմյանը սկզբում խուլիգանություն կատարելու համար գործում ներգրավվել էր որպես կասկածյալ, իսկ հետո, ապացույցների բացակայության պատճառով, գործով որպես տուժող է ճանաչվել (նա ծեծի էր ենթարկվել վիճաբանության մասնակիցների կողմից): Ուշագրավ է, որ գործը հարուցվել էր ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովակիմյանը զինծառայող է եւ վիճաբանության ժամանակ գտնվել է զինվորական ծառայության մեջ: Սակայն գործն այնուհետ տեղափոխվել է Արտաշատի ոստիկանության քննչական բաժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել հենց այդտեղ՝ Արտաշատում: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վահե Հովակիմյանի փաստաբանի հետ, ով ասաց, որ գործը երկար քաշքշոցներից հետո տեղափոխվել է ոստիկանության քննչական բաժնի Մասիսի բաժանմունք եւ մինչ օրս հայտնի չէ, թե ինչպես է հանգրվանել Մասիսի բաժանմունքում: «Այս պահի դրությամբ քննիչի հետ կապ պահելը դարձել է անհնար, քանի որ զանգերին չի պատասխանում: Այն մասին, որ գործը տեղափոխվել է Մասիսի բաժանմունք՝ իմացել ենք մոտ չորս օր առաջ»,- ասաց փաստաբան Լիանա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործի նախաքննությունն ընթանում է միակողմանի, գործով առկա է ընդամենը մեկ մեղադրյալ՝ Ժորա Մարկոսյանը: «Երիտասարդը, ըստ էության, իր վրա է վերցնում բոլորի մեղքը: Սակայն Վահե Հովակիմյանին ծեծել են խմբովի: Դա է վկայում դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ նա ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք, ինչը չէր կարող հասցվել մեկ անձի ծեծի հետեւանքով»: Ուշագրավ է, որ ծեծի մասնակից բոլոր անձինք մեկը մյուսի հետ բարեկամական եւ ազգակցական կապերով կապված անձինք են: «Ըստ՝ օրենքի, երբ նրանք որպես վկա հրավիրվում են ցուցմունք տալու, նրանց բացատրվում է, որ իրավունք ունեն ցուցմունք չտալ մերձավոր հարազատի դեմ: Այսպիսով, մենք ունենք մի իրավիճակ, երբ գործը ապացուցողական առումով ջարդվում է: Եւ քննչական առումով քննիչներին ձեռնտու տարբերակ է՝ գործը ջարդել: Իսկ կողմնակի ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, որքանով ես իրազեկ եմ, որեւէ գործողություն չի կատարվում»,-ասաց փաստաբանը:
Նա նշեց նաեւ, որ առերեսման ժամանակ Վահե Հովակիմյանը ճանաչել է իրեն ծեծողներին, սակայն վերջիներս պնդել են, թե իրենք ծեծի հետ որեւէ կապ չունեն, դա միայն թվացել է տուժողին: «Գործը հուլիս ամսից տարբեր ատյաններով թափառում է եւ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է դրա պատճառը: Քննչական մարմինները ընդամենը մի քանի քայլ ունեին անելու՝վերջնական արդյունքի հասնելու համար, սակայն դա չի արվում: Նրանք սպասում են, որպեսզի պարոն Հովակիմյանը գնա հաշտեցման, որովհետեւ միջին ծանրության վնասվածքի դեպքում ՔՕ 113-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվում տուժողի բողոքի հիման վրա: Այսինքն, եթե Հովակիմյանը հաշտվի մեղադրյանի հետ, գործը կկարճվի: Սակայն պարոն Հովակիմյանը անդրդվելի է եւ գործի արդարացի քննություն է պահանջում»,-նկատեց փաստաբանը:
NEWS.am-ի տեղեկություններով, գործի քննության ձգձգումը պայմանավորված է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հանգամանքով, քանի որ գործով մեղադրյալը նրա հետ բարեկամական կապեր ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ քանի որ ոստիկանապետը Արարատի նախկին մարզպետի հետ ունեցած, մեղմ ասած, ոչ բարիդրացիական հարաբերություններ ունի, հրահանգել է քննչական մարմիններին գործը քնեցնել: Լիանա Գրիգորյանը դժվարացավ ասել՝ արդյո՞ք գործով մեղադրյալի եւ Ալիկ Սարգսյանի միջեւ ազգակցական կապ կա եւ հենց դա է գործը ոստիկանության մի բաժանմունքից մեկ այլ բաժանմունք «պաս» տալու պատճառը: «Ես այս մասին կոնկրետ տվյալներ չունեմ: Ամեն դեպքում նման ասեկոսեներ կան: Բայց ես ինձ վրա նման բան չեմ վերցնի եւ չեմ հայտարարի, որ ոստիկանապետի կողմից նախաքննության վրա ազդելու փորձ է արվում»:
Նշենք, որ Վահե Հովակիմյանը այժմ շարունակում է ծառայությունը ՀՀ զինված ուժերում:
Ելենա Գեւորգյան




























