Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսը դիմել է երկրի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկին՝ պատմության ուսուցիչների համար համատեղ ուկրաինա-թուրքական ուսումնական ձեռնարկի նախաձեռնության կապակցությամբ, հաղորդում է Analitika.at.ua-ն:
«Ուկրաինայի հայկական սփյուռքը լրջորեն անհանգստացած է պատմության ուսուցիչների համար համատեղ ուկրաինա-թուրքական ուսումնական ձեռնարկի ստեղծման հնարավորությունից: Հաշվի առնելով թուրքական պաշտոնական պատմագրության ժխտողական հայեցակարգը՝ Հայոց ցեղասպանության հանդեպ, նաեւ Հայաստանի եւ հայկական գաղութների պատմության կեղծման փորձերը, մտավախություններ կան պատմական որոշ գործընթացների մեկնաբանման հավաստիության վերաբերյալ»,- ասված է դիմումի մեջ:
Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության տարիներին մոտ 50 հազար հայ փախստականներ Թուրքիայից ապաստան եւ գտել Խարկովում, Օդեսայում, Թեոդոսիայում, Ուկրաինայի այլ քաղաքներում, եւ այդ փաստերն անվիճարկելի ապացույց են Հայոց ցեղասպանության:




























