Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու կասկածանքով բերման ենթարկված Արտավան գյուղի բնակիչը հրդեհի առաջացման առաջին օրը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտավանի նախկին գյուղապետ Արթուր Գալստյանը: Նա նշեց, որ 43-ամյա Կարեն Հակոբյանը 3 անչափահասների հայր է, նա մեծ դժվարությամբ է կարողանում պահել ընտանիքը: Նրա խոսքով, Կարեն Հակոբյանն զբաղվում է գյուղատնտեսությամբ, ապրում է սոցիալական ծանր պայմաններում:

Արթուր Գալստյանի խոսքով, անտառապատ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու մեջ կասկածվող համագյուղացին արցախյան պատերազմի մասնակից է, ունի նաեւ հաշմանդամության կարգ:

«Հո դիտավորությամբ չի հրդեհել, աշխատելիս է եղել, մեքենայի կայծի հետեւանքով էլ առաջացել է հրդհեը, որովհետեւ չոր խոտեր են, իր խոտի դեզն էլ է հրդեհվել»,-ասաց նա:

Նշենք, որ Վայոց ձորում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները: NEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն ասել էր, որ կատարվել է տարածքի մեկուսացում, փորվել են խրամուղիներ, որպեսզի հրդեհը չտարածվի:

Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 7-ին խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ շուրջ 500 մարդ: Հրշեջներին օգնում են ոստիկանական ուժերը, ՊՆ զինծառայողներ, մոտակա գյուղերի բնակիչները: Առաջին անգամ հրդեհը մարելու համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները եւ մասնավոր ընկերության ծանր տեխնիկան:

Աշխատանքները տեղում կառավարում են ԱԻ եւ բնապահպանության նախարարները, ներգրավված է ռազմաօդային ուժերի ուղղաթիռը:

Հարուցվել է քրեական գործ: