Ղարաբաղցի շախմատիստներ Մանուել Պետրոսյանն ու Դավիթ Գեւորգյանը մասնակցում են Իտալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությանը։

Մրցելով աշխարհի տարբեր երկրների մինչեւ 12 տարեկան շախմատիստների հետ՝ Մանուել Պետրոսյանը խաղացված 6 պարտիաներից հետո 4,5 միավորով կիսում է 8-12-րդ տեղերը, իսկ Դավիթ Գեւորգյանը 6 տուրից հետո ունի 3,5 միավոր։

Շախմատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվում է իշխանությունների մշտական հսկողության ներքո, ամեն բան ձեռնարկվում է դրա զարգացման ու մասսայականացման համար։ Այդ գործում հանրապետության իշխանություններին օգնում են նաեւ բարեգործները։ Այսպես՝ օրերս ծնունդով ղարաբաղցի Մոսկվայի բնակիչ Քաջիկ Պետրոսյանը Ստեփանակերտի մանկա-պատանեկան դպրոցին է նվիրել ճատրակի պարագաներ եւ ուսումնական ձեռնարկներ։

Դպրոցի տնօրինությունը նշել է, որ նման գործողությունները նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը, ուսուցման որակի բարձրացմանն ու մրցումների հաջող կազմակերպմանը։