2010 թվականի 11 ամիսների ընթացքում հանրապետությունում վթարայնության կայուն մակարդակ է պահպանվել, ինչը նշանակում է, որ անցած տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը չի ավելացել, հակառակը՝ նվազման միտումներ են գրանցվել։ Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։
Նրա խոսքով, 2010 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 1813 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 258, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 2463 մարդ։ «Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների թիվը պակասել է 3-ով, զոհերինը եւ վիրավորներինը՝ համապատասխանաբար 35-ով եւ 65-ով։ Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի մինչեւ Նոր տարի պատահարների թիվը չավելանա. դա առայժմ մեզ հաջողվում է»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով հատկապես նոյեմբեր ամսվա իրենց աշխատանքին՝ Նորիկ Սարգսյանը նշեց, որ հիմնական շեշտադրումն արվել է վարորդների եւ հետիոտնների կողմից թոյլ տրված խախտումների արձանագրման, ինչպես նաեւ վարչական տույժերի գանձման վրա։ «Անցած 11 ամիսների ընթացքում հետիոտնների նկատմամբ կազմվել է 20500 վարչական իրավախախտման արձանագրություն։ Պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010-ի անցած 11 ամիսների ընթացքում տեղի ունեցած 1813 ավտոճանապարհային պատահարներից 674-ը եղել են հետիոտնի վրա կատարած վրաերթեր, որոնց արդյունքում զոհվել է 115 քաղաքացի։ Ճիշտ է, նախորդ տարվա համամետությամբ վրաերթերի թիվը նվազել է 14-ով, իսկ դրանց հետեւանքով զոհվածներիկնը՝ 8-ով, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք մեր զգոնությունը։
Վերջում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը տեղեկացրեց, որ 2010-ին տեղի ունեցած վթարների արդյունքում զոհվել է 12, վիրավորվել 192 երեխա։




























