Վերջին նախագահական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտը հստակեցվեց, եւ հասարակությունը շատ լավ հասկանում է՝ ով է իսկական ընդդիմությունը, եւ ով պատվերով՝ գեղամյանական ոճի ընդդիմությունը: Այս մասին դեկտեմբերի 4-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ՀԺԿ 7-րդ համագումարում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ երկրում միակ պայծառ կետը, որի հրա հենվում եւ որի հետ հույսեր է կապում հասարակությունը, Հայ ազգային կոնգրեսն է՝ միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում:

Հետեւապես՝ ՀԱԿ-ն իրավունք չունի հուսախաբ անել հասարակությանը եւ պարտավոր է մինչեւ վերջ տանել իր պայքարն ու հասցնել հաղթական ավարտին:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն էլ իր ելույթում գործող ռեժիմին համեմատեց փտած ծառի հետ եւ նշեց, որ եթե ծառը փտած է, բայց կանգուն, ապա այն կանգուն կմնա այնքան ժամնակ, քանի դեռ չեն հրել ու տապալել: Իսկ այն հրողը ՀԱԿ-ն է լինելու՝ ի դեմս իր շուրջ համախմբված հասարակության:

Պակաս պատկերավոր չէր նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթը: Նա եւս հայաստանյան ներկա իրականությունը համեմատեց ճահճի հետ՝ նշելով, որ «հանցավոր զույգը իրեն աջակցող ճահճով կործանում է երկիրը»: Արամ Մանուկյանը մի քանի դրվատալից խոսքեր շռայլելով ՀԺԿ-ի հասցեին՝ հայտարարեց, որ ՀԱԿ-ը «երկիրը մաքրելու է թարախապալարից՝ ՀԺԿ-ի հետ համագործակցելով»: