Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում 2014թ. ամռանը ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի հարազատները կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժող կողմը միջնորդել է նշանակել դիակի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Դատավոր Դավիթ Հարությունյանը խորհրդակցական սենյակ է հեռացել՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ Վարդան Թումանյանի մահվան վերաբերյալ երկու հակասական եզրակացություն կա. առաջինի համաձայն՝ նրա մահը վրա է հասել ծեծի հետեւանքով, երկրորդի համաձայն՝ նա այդ օրը մահանալու էր անկախ ամեն ինչից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։
Երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ, որը պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:



























