Նոբելյան դափնեկիրների մասնակցությամբ շաբաթը Ստոկհոլմում այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 10-ը, ասվում է Նոբելյան հիմնադրամի հաղորդագրությունում: Նոբելյան շաբաթը Ստոկհոլմում կմեկնարկի Նոբելյան թանգարանում: Այսօր, դեկտեմբերի 6-ին առաջին անգամ կհանդիպեն այս տարվա բոլոր դափնեկիրներն ու նրանց ընտանիքների անդամները: Այցելությունը թանգարան կավարտվի Satir սրճարանում, որի աթոռների վրա դափնեկիրներն ինքնագիր կթողնեն:
Առաջիկա օրերին տեղի կունենան բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ եւ ավանդական նոբելյան դասախոսությունները, որոնց ժամանակ դափնեկիրները կպատմեն իրենց գիտական հայտնագործությունների մասին:
Ամենահանդիսավոր օրը կլինի դեկտեմբերի 10-ը` շվեդ արդյունաբերող եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը պարգեւները կստանան բժշկության եւ ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, գրականության դափնեկիրները: Դեկտեմբերի 10-ին կտրվի նաեւ տնտեսագիտության մրցանակը, որը 1968-ին հիմնել է Շվեդիայի Պետական բանկը` Ալֆրեդ Նոբելի հիշատակին:
Նոբելի կտակով, Խաղաղության մրցանակը շնորհվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
Մրցանակային գումարը նախորդ տարիների նման կկազմի 10 միլիոն շվեդական կրոն` մոտ 1 միլիոն եվրո: Այս տարի այդ պատվին արժանացել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Պերուի եւ Չինաստանի 11 քաղաքացիներ:
Բժշկության եւ ֆիզիոլոգիայի մրցանակը կստանա բրիտանացի հետազոտող, արհեստական բեղմնավորման տեխնոլոգիայի հեղինակ Ռոբերտ Էդվարդսը:
Քիմիայի մրցանակը կիսել են Դելավերի համալսարանի ամերիկացի պրոֆեսոր Ռիչարդ Հեկը եւ ԱՄՆ-ում աշխատող ճապոնացի Էյիտի Նեգիսին եւ Ճապոնիայի Հոկայդոյի համալսարանի պրոֆեսոր Ակիրա Սուձուկին:
Ֆիզիկայի մրցանակը շնորհվել է Մեծ Բրիտանիայում աշխատող նախկին ռուսաստանցիներ Անդրեյ Գեյմին եւ Կոնստանտին Նովոսելովին:
Գրականության մրցանակակիր է դարձել պերուացի Մարիո Վարգաս Լյոսեն: Տնտեսագիտության մրցանակը բաժանվել է ամերիկացիներ Դեյլ Մորտենսենի, Փիթեր Դայմոնդի եւ բրիտանացի Քրիստոֆեր Պիսարիդեսի միջեւ:
Նոբելյան հիմնադրամի տվյալներով, հանդիսություններին կմասնակցեն 9 դափնեկիրներ: Առողջական խնդիրների պատճառով Ստոկհոլմ չի ժամանի բժշկության մրցանակակիր, 84-ամյա Ռոբերտ Էդվարդը: Մրցանակը կստանա նրա կինը` Ռութ Էդվարդսը:
Անձամբ մցանակը չի ստանա նաեւ Խաղաղության մրցանակի դափնեկիր, չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն, որը Չինաստանում ազատազրկման մեջ է:




























