Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը ցույց տվեց, առանց ԱՄՆ-ի անմիջական միջամտության ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ եվրասիական գոտու այլ մասնակիցները չեն կարողանում որեւէ խնդիր լուծել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի մահմեդական կոմիտեի նախագահ, քաղաքագետ Հեյդար Ջեմալը` ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում:
«Այն ամենն, ինչ կատարվել է առանց ամերիկացիների, տեղի է ունեցել հետեւյալ կերպ. Մեծ խաղի յուրաքանչյուր խաղացող այլ ելք չի ունեցել, քան ավելի խստացնել իր դիրքորոշումը: Փաստացի, Աստանայում բոլոր կողմերն էլ խստացրեցին իրենց դիրքորոշումները, այդ թվում նաեւ Հարավային Կովկասի երկրները: Բացի այդ, ակնհայտ տարձավ, որ Ֆրանսիան ու Գերմանիան բացարձակապես ունակ չեն ազդել Եվրոպայում ընթացող որեւէ գործընթացների վրա:
Իսկ դա խաչ է քաշում Եվրամիության վրա, որպես համաշխարհային քաղաքականության ընթացքի վրա ազդող ինքնուրույն կառույց»,- նշել է Ջեմալը:
Նրա խոսքով, արդյունքում ամեն ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ի շահերի օգտին, որը շահագրգռված է խաղի խստացմամբ եւ իրավիճակի ապակայունացմամբ:
«Նրանք չեն միջամտում, բայց նաեւ չեն խոչընդոտում Հայաստանի դիրքորոշման խստացմանը: Ամերիկացիները նոր ունիվերսալ խաղ չեն առաջարկում, ուստի բնականաբար, յուրաքանչյուր կողմը իրեն ինքնուրույն է պահում: Ամերիկացիները կանգնած են, այսպես ասած, գործընթացից վեր, եւ այն ինչ տեղի է ունենում, բխում է նրանց շահերից: Կայունության բացակայությունը Եվրասիական մայրցամաքում, եւ հատկապես ԱՊՀ տարածքում, նրանց լրիվ բավարարում է»,- հայտարարել է Ռուսաստանի մահմեդական կոմիտեի նախագահը:




























