Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեկտեմբերի 6-ին կայցելի Լեհաստան: Լեհաստանի մայրաքաղաքում նա հանդիպելու է նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:

Վարշավա կատարած այցի նախօրեին լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մեդվեդեւը խոսել է ռուս-լեհական հարաբերությունների հիմնական խնդիրների մասին՝ հայտարարելով, որ հիմնական խնդիրներից մեկը Կատինի ողբերգության հարցն է:

«Ակնհայտ է թե ով է կատարել այդ հանցագործությունը եւ հանուն ինչի: Եւ երեկ Պետդուման կրկին անդրադարձել է այդ հարցին: Այդ հանցագործության համար պատասխանատու են Ստալինն ու նրա զինակիցները: Ես ունեմ համապատասխան փաստաթղթեր, որոնք ստացվել են այսպես կոչված «հատուկ թղթապանակից»: Այդ փաստաթղթերն այժմ կան ինտերնետում: Այդ փաստաթղթերը կասկածի տակ դնելու բոլոր փորձերը պարզապես անլուրջ են»,- ասել է Մեդվեդեւը:

Ռուսաստանի նախագահը նկատել է, թե նման փորձերն արվում են Ստալինի դեմքը փրկելու համար: