2008թ. մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ մոնիտորինգային հանձնաժողովի գործունեությունը վկայում է, որ իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու եւ քաղաքացու տարրական իրավունքները, եւ գնում են ժողովրդավարությանը հակառակ ուղղությամբ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի դիտարկման եզրակացությունը:
Անդրադանալով Դավիթ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովի պատրաստած զեկույցին՝ Մինասյանը նշել է, թե «Այսօր ունենք մի զեկույց, որին բացի սվաղված լինելուց ուրիշ գնահատական տալ չի կարելի»:
«Ինչ է արվել այս ժամանակահատվածում: Ոչինչ, բացառությամբ մի քանի տեխնիկական բնույթի հարցերի: Խնդիրներին տրվել են ձեւական պատասխաններ:
Ձեր իրականացրած մոնիտորինգն ու բարեփոխումները հակաժողովրավարական , հակասոցիալական են»,- ասել է Մինասյանը եւ հավելել. «Եթե այս կերպ եք մտադիր կատարել ԵԽԽՎ բանաձեւերը, պետք է արձանագրել, որ ձեզ հաջողվում է կատարել հակառակ գործողություններ՝ երկրում ժողովրդավարական արժեքների իրականացման ուղղությամբ: Մեծ հաշվով մեր երկրում դեռ չի հաստատվել Սահմանադրությունը հարգելու ավանդույթը, ավելին, ձեր գործողություններով դուք արհամարհում եք մայր օրենքը»:
Ըստ Մինասյանի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքն ապացուցում է, որ «մեր երկիրը շարունակում է ոտնահարել տարրական իրավունքները, գնում է ժողովրդավարությանը հակառակ ուղղությամբ»:
Դաշնակցական պատգամավորն առաջարկել է անկախ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրեր մարտի 1-2-ից հետո երկրում ստեղծված իավիճակն ու ելքեր կառաջարկեր:





























