Աստանայի գագաթաժողովում ԼՂ հակամարտության վերաբերյալ հնգակողմ հայտարարությունը հայկական կողմի հերթական նահաջն էր։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին հայտարարեց Հայ ազգային կոնգեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։ Նրա խոսքով՝ Աստանայի հայտարարությամբ Հայաստանը կանաչ լույս վառեց ոչ միայն «օկուպացված տարածքներ» եզրն ընդունելու առումով, այլեւ համաձայնեց այն սկզբունքներին, որոնց մասին ասվում է Աքվիլայի եւ Մուսկոկայի հայտարարություններում։
Ըստ Կարապետյանի՝ Ադրբեջանը «զրո հիմքից» մի քանի փաստաթղթերում ամրագրեց «օկուպացված տարածքների վերադարձը», ինչպես նաեւ «ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» ձեւակերպումը:
Ըստ Կարապետյանի՝ նման փաստաթղթերը մշտապես որպես գործիք են ծառայում ավելի ուժեղ կողմերի ձեռքում, իսկ թույլերը, որպես կանոն, չեն կարողանում օգտվել փաստաթղթում ամրագրված պայմանավորվածություններից։ «Աքվիլայի, Մայնդորֆի, Մուսկոկայի եւ Աստրախանի հայտարարություններում կողմերին կոչ է արվում, որպեսզի զերծ մնան ռազմաշունչ հայտարարություններից եւ հակամարտությունը կարգավորեն առանց ուժի կիրառման։ Իսկ ի՞նչ մենք շահեցինք։ Ունենալով միջազգային հանրության աջակցությունը, ինչպես նաեւ հստակ փաստեր, որ հատկապես հունիսից սկսած Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարի ռեժիմը, շատ հաճախ՝ մահվան ելքով, մենք որեւէ անգամ չկարողացանք հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանին համապատասխան գնահատական տալուն։ Այս պարագայում ունենալով հիմնավոր բազա՝ մենք չենք կարող մեր նպատակներին հասնել»,-հայտարարեց Կարապետյանը:
Նրա մոտ ծիծաղ է առաջացնում այն, որ ՀՀԿ-ն որպես կարեւոր ձեռքբերում նշում է հայտարարության մեջ ՄԱԿ-ի կանոնադրության վկայակոչումը, որն ամրագրված է այս հայտարարության մեջ։ «Իսկապես, ՄԱԿ-ի կանոնադրությունը առանձնահատուկ շեշտադրում է ինքնորոշման սկզբունքը եւ հնարավորություններ ստեղծում այն առաջ քաշելու համար, բայց չեմ կարծում, որ մենք կարող ենք օգտվել դրանից»,- նշեց Կարապետյանը:




























