2008թ. մարտի 1-2-ի հետեւանքները դեռ վերացված չեն, պատճառները լիովին բացահայտված չեն: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի դիտարկման եզրակացությունը` «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության` ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ընդդիմությունը, երբ առաջարկում էր հավասարաչափ հանձնաժողով ստեղծել՝ մարտի 1-ի բացահայտման համար, ուներ մի շատ պարզ, հասկանալի ցանկություն՝ բացահայտել մարտի 1-ի հանգամանքները եւ պատժել մեղավորներին:
«2008թ. մարտի 1-2-ի հետեւանքները դեռ վերացված չեն, պատճառները լիովին բացահայտված չեն: Պետությունը գնահատական չի տվել ոչ պատճառներին, ոչ կատարողներին: Եթե հանրապետության երեք նախագահները որպես կարեւորագույն դերակատարներ հանցաքննված չեն, 10 անձանց սպանությունները բացահայտված չեն, ի՞նչ մոնիտորինգ եք անում: Եթե 11 մարդ դեռ իր քաղաքական հայացքների համար բանտերում է, ինչի՞ մասին է խոսքը»,- արձանագրեց Սաֆարյանը՝ նկատելով, որ Դավիթ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը, ինչպես եւ նախորդ՝ Սամվել Նիկոյանի ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովը ոչինչ չեն արել մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ:





























