«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն դիմում-ուղերձ է հղել Հայաստանի նախագահին եւ վարչապետին, որտեղ առաջարկել է փոփոխություններ կատարել կառավարության` աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող որոշումներում:

Դիմում-ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Բոլորիս է հայտնի, որ հետերկրաշարժյան տարիներին հիմնականում սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, գործազրկության եւ անօթեւանության պատճառով Հայաստանից ու հատկապես աղետի գոտուց հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին:  Նրանց թվում կան հարյուրավոր այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժին բնակարան էին կորցրել, սակայն մինչեւ օրս պետության կողմից չեն փոխհատուցվել: Իսկ նման ընտանիքներից շատերը, վերահաշվառման ժամանակ բացակայելով Հայաստանից, հաշվառված չեն հերթացուցակներում եւ փաստորեն զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով դիմումների ընդունման վերջնաժամկետ էր նշանակվել 2008 թ. դեկտեմբերի 15-ը:

Ավելին, նույն որոշումների համաձայն՝ սահմանված ժամկետում դիմում չներկայացրած անձանց նկատմամբ բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության պարտավորությունները համարվում են դադարեցված: Ցավոք, այս որոշումը տարածվում է նաեւ 2008-ից հետո հայրենիք ներգաղթած տասնյակ անօթեւան ընտանիքների վրա, ինչի պատճառով աղետի գոտում վերջին երկու տարիներին հայրենիք վերադարձած փաստացի անօթեւան, սակայն անօթեւանի կարգավիճակից զրկված ընտանիքները պարտադրված են կրկին հեռանալ Հայաստանից: Ի դեպ, ներգաղթած ընտանիքներից շատերը չունեն անգամ ժամանակավոր կացարաններ եւ բնակվում են հարազատների կամ վարձակալած բնակարաններում:

Ուստի դիմում ենք Ձեզ` ակնկալելով, որ ՀՀ կառավարությունը շուտափույթ կերպով կանդրադառնա վերը շարադրված հիմնախնդրին եւ հաշվառման կարգի վերաբերյալ որոշումներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելով` երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած, սակայն Հայաստանից ժամանակավորապես բացակայելու եւ տարաբնույթ այլ պատճառներով հաշվառումից դուրս մնացած ընտանիքներին հնարավորություն կտա օգտվելու անօթեւանների հերթացուցակներում հաշվառվելու եւ կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցվելու իրավունքից»: