Տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի Փյունիկի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գերազանց գնահատեց Փյունիկի արդյունքները: Ակումբն այս մրցաշրջանում հռչակվեց Հայաստանի չեմպիոն, նվաճեց երկրի գավաթն ու սուպերգավաթը: Փյունիկի առջեւ առաջնային խնդիր էր դրված տարբեր հավաքականների խաղացողների օպտիմալ վիճակն ապահովելը: Ակումբի արդյունքներից առավել կարեւոր է, որ ազգային հավաքականում եւ 21 տարեկանների հավաքականում լավ հանդես գան Փյունիկի ֆուտբոլիստները:

Վարդան Մինասյանի խոսքով,  ակումբի քաղաքականությունն է առաջին հերթին մտածել տարբեր տարիքի հավաքականներին կադրեր ապահովելու մասին: Այժմ վեց ֆուտբոլիստներ Փյունիկ-2-ից տեղափոխվել են հիմնական թիմ: Եվրագավաթներում այդ կազմով հաջողություն ունենալը բարդ է:

Փյունիկ ակումբը կողմ է, որպեսզի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն անցկացվի չորս շրջանով` ակումբներին առավել հագեցած խաղային պրակտիկա ապահովելու համար:

Փյունիկն այժմ արձակուրդում է: Թիմի հիմնական մարզումները կսկսվեն հունվարի 6-ից: Նախատեսված է երեք հավաք: Առաջին երկուսը` տասը օրով: Երրորդ հավաքը կանցկացվի Կիպրոսում: Այս տարվա կազմի մեծամասնությունը մնում է: Փոփոխություններ շատ քիչ կլինեն: Ակումբը նախապատվությունը տալիս է տեղական կադրերին: Լեգիոներներ ձեռք բերելու ցանկությունը մեծ չէ:

Ակումբն առաջարկ կներկայացնի, որ մինչեւ Ռուսաստանի հետ ազգային հավաքականի հանդիպումը Փյունիկը չորս պաշտոնական հանդիպում ունենա` երկուսը Հայաստանի գավաթի խաղարկությունում, եւս երկուսը` Բարձրագույն խմբի առաջնությունում: