Թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա Wikileaks-ի վատ ազդեցությունն ակնհայտ է։ Դեկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, ով օրերս է վերադարձել Թուրքիայում կայացած մի գիտաժողովից։
«Թեպետ «Ուսաք» կազմակերպության գիտաժողովին հավաքվել էին մեծամասամբ թուրք ազգայնականներ եւ ադրբեջանամետ գործիչներ,սակայն դա չխանգարեց զգալու, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սառն են։ Այդ հարաբերություններն այլեւս այն չեն՝ եղբայրական, իրար օգնելու միտված, այլ կառուցվում են նավթային, գազային եւ այլ բնույթի համագործակցությունից անկնակալվող չոր, պրագմատիկ շահերի վրա։ Հենց սա էլ, սակայն, թույլ է տալիս միաժամանակ պնդել, որ Wikileaks-ը չի կարող մինչեւ վերջ խոչընդոտել այդ երկու երկրների առավել խորքային կապերին»,- տեսակետ հայտնեց թուրքագետը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Շաքարյանը նկատեց, որ այս հարցի նկատմամբ եղած մոտեցումները Թուրքիայում չեն փոխվել։ «Այնտեղ առաջվա նման պնդում են, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, առաջընթաց չի գրանցվի նաեւ հայ-թուրքական գործընթացում։ Սակայն թուրքերը նաեւ լավ հասկանում են, որ ղարաբաղյան հարցը նախեւառաջ չի ցանկանում լուծել Ադրբեջանի նախագահ Ալիեւը»,- ամփոփեց թուրքագետը։





























