Փաստը, որ ադրբեջանական ԶԼՄ-ները միշտ հակված են եղել խեղաթյուրել իրականությունը, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այդ հարցում նրանք, ի դեպ, իրենց պետության դավանած քաղաքականության հավատարիմ հետեւորդներն են: Այսօր Ադրբեջանի մի շարք տեղեկատվական աղբյուրներ հերթական անգամ օգտագործեցին սիրելի ռազմավարությունը՝ տարածելով ինչ-որ «սադրանքի» մասին լուրեր, որին, իբր ենթարկվել են Երեւանում սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար ժամանած Ադրբեջանի պատվիրակության անդամները: Ինչպես փոխանցում է ANS-Press-ը, «ադրբեջանական մարզիկներին մարզումների տանող միկորավտոբուսը զարդարված է եղել Վրաստանի, Հայաստանի, եւ „անջատողական“ Լեռնային Ղարաբաղի դրոշներով: Եւ միայն ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլշադ Ալեքպերլիի պահանջից հետո է դրոշը հանվել»: Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտարարել էր, թե երաշխավորում է ադրբեջանցի մարզիկների անվտանգ կեցությունը Հայաստանում: NEWS.am-ի թղթակիցը դիմեց ֆեդերացիային՝ մեկնաբանությունների համար, եւ ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ նման բան չի եղել եւ չէր էլ կարող լինել: Վերադառնալով «սադրանք» հասկացությանը, որը նման հաճույքով գործածում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ընդգծենք, որ հենց իրենք են նման լուրերի հեղինակները՝ չխորշելով անբարոյականությունից: Հենց այդ բառով էլ կարելի է արդարացիորեն բնութագրել ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների էությունն ու քաղաքականությունը: Սադրել իրավիճակն այն պահին, երբ ադրբեջանական մարզիկները գտնվում են Երեւանում՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների չափազանց անհեռատես եւ վտանգավոր մարտավարությունն է:
Ավելորդ չէ հիշեցնել, որ վերջերս Երեւան ժամանած Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել էր, թե Հայաստանը մնացել է նախորդ դարում, քանի որ, ըստ նրա, քաղաքում որեւէ նոր շենք չկա: Նման հայտարարությունները նույնիսկ մեկնաբանել պետք չէ, միայն կարելի է մարդկայնորեն ափսոսալ այդ մարդու տեսողության վատթարացման կապակցությամբ…




























