«Ուսումնական տարին մեկնարկել է, և մեր նախարարության „թեժ գիծը“ թեժացել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դպրոցներում առկա դրամահավաքների մասին, նշեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հավելելով, որ հիմնականում ահազանգերը ավելի շատ են մայրաքաղաքի դպրոցներից, ինչպես նաև ահազանգեր կան մարզերից: «Զանգահարողները հիմնականում նշում են, որ այս կամ այն կերպ աշակերտներին պարտադրում են գումար հավաքել»,- ասաց նա, հավելելով, որ ինքը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր ահազանգերը, սակայն ցավոք, այդ ահազանգերի ճնշող մեծամասնությունը անանուն են: Ա. Աշոտյանի ներկայացմամբ, դպրոցների տնօրեները պետք է հասկանան, որ համապատասխան գումարներ հավաքելը պետք է լինի միայն ծնողական կոմիտեի որոշմամբ: «Կան դրամահավաքի ձևեր, որոնք կրում են թաքնված կաշառքի բնույթ: Դա անխտիր պետք է բացահայտվի և պատժվի»,- ընդգծեց նախարարնու շարունակեց. «Մեր ուսուցիչների բազմահազարանոց բանակը կարիքը չունի այդ դրամահավաքների միջոցով հավելյալ գումարների: Մեր ուսուցիչների բազմահազարանոց բանակը կարիք ունի հասարակական գնահատականի և հարգանքի»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ նախարարության ենթակայության տակ են 49 ավագ դպրոցները եւ հատուկ դպրոցները: Իսկ մյուս դպրոցները պատկանում են Երեւանի քաղաքապետարանին կամ մարզպետարաններին եւ հարցերի դեպքում պետք է դիմել նրանց:



















