«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարումը կապված չէ ներկուսակցական գզվռտոցների հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի իրական պատճառը խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն են, որոնք անցած տարվա ամռանը կայացած համագումարի ընթացքում վերահսկվող վարչություն ձեւավորելու համար կեղծիքներ են արել:
Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե Մարտիրոսյանն ու Խուրշուդյանը, ընդհակառակը, կանխել են վարչության մի քանի անդամների կատարած կեղծիքները՝ առգրավելով կեղծ քվեաթերթիկները, իսկ կեղծարարներն իրականում գործել են Հայ ազգային կոնգրեսի դրդմամբ: «Մի երկու խառնակիչ (վարչության նախկին անդամ Արթուր Սարդարյանն ու իր կողմնակիցները.) ուղղակի խոստումներ էին ստացել ժամանակին Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ պաշտոններ ստանալու վերաբերյալ, եւ տապալվելուց հետո սկսվեցին պաշտոններ ուզել մեզնից»,- պատճառաբանեց Սաֆարյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը, հավանաբար լիդերության խնդիրներ ուներ «Ժառանգության» հետ: Ստեփան Սաֆարյանը նաեւ նշեց, թե այդ տեղեկություններն ինքը ստացել է կոնգրեսի իր մտերիմներից:
«Ժառանգության» պատգամավորը նաեւ նկատեց, որ թե ընդդիմադիր, թե իշխանամետ լրատվամիջոցներում նույնատիպ հոդվածներ են հրապարակվում. "Թիրախը Րաֆֆի Հովհաննիսյանն է, եւ ցանկանում են արժեզրկել նրա քայլը: Մենք հայտարարեցինք, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք առանձին թեկնածուով, եւ «Ժառանգությունը գործելու է ավելի ինքնուրույն»:




























