77 տարեկանում Երեւանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Լյուար» սգո սրահում (Շահումյան գերեզմանոցի հարեւանությամբ): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադում։ Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում: 963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում:

Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի եւ Տարաբուզիի՝ «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի՝ «Մովսես ապերը», Խանզադյանի՝ «Քարանձավի բնակիչները», Գոլդոնիի՝ Երկու տիրոջ ծառա», Տեր-Գրիգորյանի՝ «Մեռնող ֆլորան» եւ այլ պիեսներ:

Դասավանդել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:

Նա հաղորդավար, դերասանուհի Նոննա Զոտովայի ամուսինն էր: