երթը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի գրականության ֆակուլտետում տեղի է ունեցել երկու նոր կայքէջերի շնորհանդեսը: «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության եւ «Աթաթուրք» համալսարանի շրջանակում գործող «Երիտասարդական նախաձեռնության պլատֆորմի» ջանքերով ստեղծված այս կայքէջերը ունեն «ցեղասպանության հայկական պնդումներին» պատասխանելու առաջադրանք: Դրանք նախատեսում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն եւ թուրքերեն հրապարակումներով չեզոքացնել հայերի այսպես կոչված հակաթուրքական քարոզչությունը:
Շնորհանդեսին մասնակցել են Էրզրումի նահանգապետ Սեբահաթդին Օզթուրքը, «Աթաթուրք» համալսարանի ռեկտոր պրոֆ. Հիքմեթ Քոչաքը, դասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչներ, ներկայությամբ «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ դոց. Սավաշ Էղիլմեզի:
Շնորհանդեսին Էրզրումի նահանգապետը, անդրադառնալով կայքէջերի ստեղծմանը, այս նախաձեռնությունը համարել է ուշացած, բայց եւ այնպես տեղին, ընդգծելով, որ դա վայել էր հենց Քեմալ Աթաթուրքի անունը կրող համալսարանին: Նրան լրացրել է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահը: Նա, համարելով հայկական հարցում առկա դժվարությունները արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկը, ընդգծել է, որ հակառակ իրենց հակաթուրքական գործունեությունը ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ արաբական երկրներում ծավալող հայերի, թուրքերը հիմնականում կենտրոնանում են թուրքական հասարակական կարծիքի վրա, ինչը լուրջ բացթողում է:
Թերթը նշում է, որ Էրզրումի նահանգապետի եւ «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահի ասածները նորություն չեն, հետեւաբար բավարարվում է հիշեցնելով նրանց Թուրքիայում լայն տարածում գտած արեւելյան ասացվածքը. «Շունը հաչում, իսկ քարավանը առաջանում է»:




























