Ամերիկյան Մեմֆիսի Orpheum կինոթատրոնը հրաժարվել է ցուցադրել «Քամուց քշվածները» ֆիլմը՝ ռասիզմի հետ կապված սկանդալի եւ հանդիսատեսի բողոքների պատճառով, գրում է The New York Times-ը:
Այս տարի ժապավենի ցուցադրությունը նախանշված էր օգոստոսի 11-ին եւ համընկել է Շարլոթսվիլում անկարգությունների մեկնարկի հետ: Մարդիկ սկսել են դժգոհել սեւամորթ ստրուկի կերպարից, որը ներկայացված է ֆիլմում: Արդյունքում կինոթատրոնի ղեկավարությունը որոշել է 2018 թվականին չկազմակերպել ժապավենի ավանդական ցուցադրությունը, հաղորդում է ՄԻՐ 24-ը:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգի «Քամուց քշվածները» ֆիլմը մեծ էկրան է դուրս եկել 1939 թվականին: Այն հիմնված է ամերիկացի գրող Մարգարեթ Միթչելի համանուն գրքի վրա, որի գործողությունները ծավալվում են ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ժամանակներում: 1940-ին ֆիլմն ութ «Օսկար»-ի է արժանացել:




























