Լոս-Անջելեսում՝ դեկտեմբերի 6-ին փոխհրաձգություն է եղել մի խումբ հայերի միջեւ: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս մեկը՝ մարմնական ծանր վնասվածքներ է ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում Վիքթորի փողոցում գտնվող McDonald’s ռեստորանի մերձակա ավտոկայանատեղում: Ականատեսների վկայությամբ , 4 անձ տարբեր մեքենաներով մոտեցել են կայանատեղին, ապա սկսել վիճել հայերենով: Քիչ անց դեպքի վայրում կրակոցներ են հնչել:

Dailynews-ի փոխանցմամբ, ականատեսները ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները հիվանդանոց են տեղափոխել երկու անձանց: 30-ամյա տղամարդը, ով հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի հատվածում, մահացել է: Բժշկին հաջողվել է փրկել 20-ամյա երիտասարդի կյանքը: Նա վիրավորվել էր ոտքից եւ աջ ուսից:

Ոստիկանության սերժանտ Քամերթը հայտնել է, որ հանցագործներին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից կապույտ գույնի մեքենայով: Լոս-Անջելեսի ոստիկանությունը ներկայումս փնտրում է հանցագործներին: