Սանկտ-Պետերբուրգի արվարձանում գտնվող Պուշկին քաղաքում պայթեցվել է Լենինի հուշարձանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, ժամը 22:50-ի սահմաններում:

Տեղի ունեցածի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն պարբերականի տվյալներով, պայթյունի ալիքը փշրել է հուշարձանի դիմաց գտնվող խանութի ցուցափեղկերը:

Իր հերթի, «ՌԻԱ նովոստին» հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդում է, որ հուշարձանը լրջորեն վնասվել է, սակայն մնացել է կանգուն: Պայթյունի վայրում աշխատում են իրավապահները, որոնք պարզում են դեպքի հանգամանքները:

Լենինի հուշարձանն այդ վայրում կանգնեցվել  2006-ի հոկտեմբերին: Ավելի վաղ, 1957-ին քանդակագործ Վենիամին Պունչիկի կողմից ստեղծված այս արձանը կանգնած է եղել Տավրիչեսկի այգում:

1960-2004թթ Լենինի հուշարձանը գտնվել է պայթեցված Եկատերինյան տաճարի տեղում: 2004-ին հուշարձանը անհայտ անձանց կողմից ցած էր նետվել եւ ջարդվել, որի մեղավորների մինչ օրս չեն գտել: