WikiLeaks ինտերնետ-ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանջի փաստաբան Մարկ Սթիվենը զբաղվում է իր վստահորդի եւ բրիտանական ոստիկանության «ինքնակամ հանդիպումը» կազմակերպելով: Նշենք, որ բրիտանական ոստիկանությունը Ասանջին ձերբակալելու որոշում է կայացրել:
«Հիմա մենք պատրաստում ենք Ասանջի «ինքնակա հանդիպումը» ոստիկանության հետ, որպեսզի նա պատասխանի անհրաժեշտ հարցերին»,- ասել է Սթիվենսը:
Նա նշել է, որ Ասանջը փնտրվում է շվեդական իշխանությունների կողմից` հարցաքննության համար, իսկ նրա դեմ ոչ մի մեղադրանք հարուցված չէ:
Սթիվենը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կկայանա այդ հանդիպումը: Բրիտանական օրենքներով, երբ ոստիկանությանը հայտնի դառնա Ասանջի գտնվելու վայրը, նա պարտավոր է դատարան ներկայանալ 24 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ավստրալացի Ասանջը կասկածվում է բռնաբարության ու սեռական ոտնձգության մեջ: Շվեդիայի դատախազությունը նոյեմբերի 20-ին դիմել է «Ինտերպոլին» Ասանջի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու խնդրանքով: Ասանջի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 188 երկրներում:
Նրա պաշտպանները կարծում են, որ Wikileaks-ի հիմնադրին Շվեդիայի փոխարեն կտեղափոխեն ԱՄՆ:
Նշենք, որ երբ Ասանջը սկսեց հրապարակել ամերիկացի դիվանագետների ԱՄՆ պետդեպարտամենտի հետ ունեցած գաղտնի գրագրությունը, ԱՄՆ իշխանություններն այդ կազմակերպության դեմ հետաքննչական գործողություններ սկսեցին, նրան մեղադրելով 1917-ին ընդունված լրտեսության մասին օրենքը խախտելու մեջ: Ըստ այդ օրենքի, առավելագույն պատիժը ենթադրում է մահապատիժ: 1950-ականներին լրտեսության մասին օրենքը խախտելու համար մահապատժի էին ենթարկվել Ռոզենբերգ ամուսինները, ովքեր ԱՄՆ ատոմային գաղտնիքները փոխանցել էին ռուսական հետախուզությանը:
Միաժամանակ, եվրոպական երկրները կասկածյալներին չեն փոխանցում այն երկրներին, որտեղ կա մահապատիժ: Ասանջի պաշտպանները կարող են օգտագործել այդ հանգամանքը:




























