Ռուսաստանում դադարեցվել են «Պրոտոն» հրթիռակիրների արձակումները մինչեւ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած վթարի պատճառների պարզումը, «Իզվեստիա» թերթին հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Անատոլի Պերմինովը:
Նա նկատել է, որ իրավիճակը «շատ տհաճ է, բայց դա աղետ չէ»: «Մեկնարկային դիրքը չի կործանվել, եւ մարդիկ չեն մահացել: Ուղղակի տեխնիկական թերություն է»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Պրոտոն-Մ» հրթիռակիրը, որը պետք է ուղեծիր հաներ ԳԼՈՆԱՍՍ-Մ երեք արբանյակներ, շեղվել է ուղուց 8 աստիճանով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը:
Այժմ ԳԼՈՆԱՍՍ խմբում 20 աշխատող արբանյակներ կան, եւս երկուսը պահեստում են: Ռուսաստանի տարածքի համար բավարար է 18-ը, իսկ ողջ աշխահի համար՝ 24 արբանյակ: Ռուսական ԳԼՈՆԱՍՍ արբանյակային համակարգը ամերիկյան GPS-ի կրկնօրինակն է:



























