«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ արդեն երկու-երեք օր է` Էջմիածնում հերթական աղմկոտ պատմությունն է շրջանառվում գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի շուրջ: «Խոսակցություններ են պտտվում, որ գեներալ հոր թիկունքով քաղաքապետ դարձած որդին` Կարեն Գրիգորյանը, մի քաղաքացու է ծեծել: Շրջանառվող մի վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել Էջմիածին, մյուս վարկածի համաձայն` Արմավիր քաղաքում: «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, այս պատմության մեջ միակ հստակ բանն այն է, որ դեպքը տեղի է ունեցել գովազդային պաստառներ փակցնելիս:  Թե ում կամ ինչ բնույթի պաստառներ է փակցրել գեներալի որդու զոհ դարձած երիտասարդը, հայտնի չէ: Պարզ է միայն, որ Կարենը մոտեցել է, զրույցը շատ արագ վերածվել է ծեծկռտուքի:

«Առավոտին» առայժմ չհաջողվեց ճշտել քաղաքապետի կողմից դաժան ծեծի ենթարկված քաղաքացու անուն-ազգանունը: Թեեւ մեր աղբյուրը վստահեցրեց, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցված, այդուհանդերձ երեկ ամբողջ օրը ոստիկանությունից չհաջողվեց ոչինչ ճշտել: Դեպքի մասին որեւէ հաղորդագրություն չգտնվեց նաեւ ոստիկանության ամփոփագրերում: «Առավոտին» չհաջողվեց կապվել նաեւ գեներալի քաղաքապետ որդու հետ: Նա այդպես էլ ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց որեւէ հեռախոսազանգի: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Էջմիածնում հողին հանձնեցին գեներալի ընտանիքի հերթական զոհին` «Ճուտ Գեւորգ» մականունով, ով գեներալի կնոջ` Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ի տնօրենն էր: Պաշտոնական վարկածի համաձայն, նրան «դրդել էին ինքնասպանության»»,-գրում է թերթը: