Զորմասում պետի նկատմամաբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3 տարի 4 ամիս ազատազրկման դատապարտված զինծառայող Հայկազ Հովհաննիսյանի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, կայացնել նոր, գործն ըստ էության լուծող դատական ակտ` ճանաչելով եւ հռչակելով Հայկազ Հովհաննիսյանի անմեղությունը:

Հայկազ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ՊՆ 21833 զորամասում եւ զբաղեցնելով զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-տեխնիկական մասի պետի պաշտոնը, կոչումով փոխգնդապետ, 2015 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 16:30-ի սահմաններում, զորամասի շտաբի մասնաշենքի մոտ զինվորական ծառայության պարտականությունների կատարելու հետ չկապված, վիճաբանության մեջ է մտել փոխգնդապետ Աշոտ Բադալյանի հետ, որի ընթացքում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության եւ կարգապահական կանոնագրքերի պահանջները, բռնություն է գործադրել իր նկատմամբ ծառայողական դիրքով պետ հանդիսացող Ա.Բադալյանի նկատմամբ՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝  Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: