Դեկտեմբերի 3-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել Եվրոպական խորհրդի Նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին եւ Մարդու իրավունքների Անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային:
Նամակներում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը կարեւորում է դեկտեմբերի 7–ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարեւոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ հեղինակավոր Եվրոպական կազմակերպությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջապես կատարեն ԵԽԽՎ վերջին չորս բանաձեւերի, ԵՄ նախագահության 2008թ. մարտի 4-ի, մարտի 12-ի եւ 2010թ. մարտի 10-ի հայտարարություններում առկա պահանջները: Խնդիրների ցանկն ընդգրկում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, Մարտի 1-ի սպանությունների անկողմնակալ եւ վստահելի քննությունը, «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը եւ ազատ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի ոտնահարումը:
Ներկայացնելով նշված խնդիրների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ` Առաջին նախագահը վստահություն է հայտնում, որ ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությունը կարող է կարեւոր եւ արդյունավետ գործիք հանդիսանալ այս հարցերում Հայաստանի իշխանությունների որդեգրած վարքագիծը փոխելու համար:
«Անհրաժեշտ են վճռական եւ շարունակական ջանքեր, հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ նման ջանքերը տալիս են ցանկալի արդյունք: Դրանք կարող են նաեւ ցրել հայկական հասարակության այնպիսի վնասակար ընկալումները, որ Եվրոպան պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները` ԼՂ բանակցություններում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի իշխանություններից զիջումներ ստանալու փոխարեն», նշված է ՀՀ Առաջին նախագահի նամակներում:





























