Աստանայում Հայաստանի նախագահի ելույթը վերջին մեկ տարվա ընթացքում մեր  դիվանագիտական ամենաակնհայտ հաղթանակներից էր:

Դեկտեմբեր 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հանրապետական կուսակցության  պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«Աստանայում ստացանք այն, ինչ սպասում էինք։ ԵԱՀԿ գագաթաժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բացառիկ կարեւոր էր հատկապես այն առոււմով, որ նա շեշտեց. Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը։ Եթե Ադրբեջանի նախագահն այս հայտարարությունից հետո էլ շարունակի պատերազմ հրահրող իր բութ տրամաբանությունը, մեզ այլ բան չի մնա, քան անհապաղ ճանաչել ԼՂՀ-ն: Գագաթաժողովի մյուս կարեւոր հանգամանքն այն էր, որ նշվեց հակամարտության լուծման երեք հիմնարար սկզբունքների հավասարության պարագան։ Աստանայում գտնվող բոլոր կողմերը միակամությամբ եւ միասնականությամբ հայտարարեցին նաեւ, որ ԼՂ հակամարտության լուծման ռազմական ճանապարհը պետք է բացառել։ Ստացվեց այնպես, որ հակամարտության շուրջ բանակցությունների 5 կողմերից 4-ը՝ ԵԱՀԿ համանախագահող երկրները եւ Հայաստանը, միակարծիք են խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ, Ադրբեջանը՝ ոչ։ Բայց այդ, երկիրը քիչ-քիչ կհաշտվի միջազգային հանրության կարծիքի հետ»,- ասաց Մելիքյանը։

Ամփոփելով՝ Հանրապետական պատգամավորը կրկին շեշտեց, որ Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու պարագայում «Հայաստանը հարկադրված կլինի անել այն, ինչ ցանկանում է եւ ինչ ընդունելի է մեզ համար, Հայաստանն  այդ պարագայում ազատ կլինի իր գործողություններում, եւ ոչ ոք չի կարող հրահանգել մեզ»: «Դա կլինի Ղարաբաղի անվտանգության ապահովումը ցանկացած ճանապարհով՝ ընդհուպ ռազմական, ինչն էլ կլինի Ադրբեջանի ինքնիշխանության տապալման սկիզբը»,-նշեց Մելիքյանը։

Նշենք, որ ԵԱՀԿ գագաթաժողովն Աստանայում տեղի ունեցավ դեկտեմբերի 1-2-ին։