2010 թ. դեկտեմբերի 6-ին փաստաբաններ Կ. Թումանյանը եւ Է. Մարուքյանը միջնորդություն են ներկայացրել Հադրութի քննչական բաժին՝ Մանվել Հազրոյանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ:
Փաստաբանները միջնորդում են Մանվել Հազրոյանի նկատմամբ կիրառել պաշտպանության միջոց եւ նրան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում տեղափոխել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն էր տարածվել, թե Ստեփանակարետի հոսպիտալում Մանվել Հազրոյանի նկատմամբ վենդետտայի փորձ է եղել:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով:





























