Կոալիցիոն շրջանակներում տարաձայնություններ չկան, կա միայն կոալիցիոն համերաշխություն, դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, հավելելով, սակայն, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, անկախ կոալիցիոն համերաշխությունից՝ կուսակցությունների միջեւ ներքաղաքական մրցակցություն կա եւ միշտ էլ կլինի։
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀԿ-ն, Մելիքյանը պատասխանեց. «Հանրապետականն իր առջեւ խնդիր է դրել ընտրություններում հաղթել բացարձակ մեծամասնությամբ։ Մենք կհասնենք մեր նպատակներին, դրանում բոլորս կհամոզվենք ընտրություններից հետո»։
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին՝ ՀՀԿ պատգամավորը նշեց, որ այդ կառույցը ֆիասկո է ապրում։ «Այն ցանկությունները, որ իր առջեւ դրել էր ՀԱԿ-ը՝ իշխանությունների գործողությունների ձախողում արտաքին քաղաքականության ոլորտում, ինչն էլ կհանգեցնեց ներքաղաքական լարվածության, տապալվեցին եւ չիրականացան։ ՀԱԿ-ն այժմ իր ճանապարհը որոշելու փնտրտուքների մեջ է»,- ասաց Մելիքյանը։
Ասուլիսին ներկա նախկին ժառանգական Վարդան Խաչատրյանն իր հերթին, անդրադառնալով ներքաղաքական կյանքին, նշեց. «Երկրում իրավիճակը բավական լարված է՝ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական առումով։ Կհաջողվի՞ արդյոք, իշխանություններին մինչեւ առաջիկա ընտրություներն իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը մեծ թվով քվեներ կբերի նրան, դեռ հարց է։ Առայժմ նման միտում չի նկատվում»,- նկատեց Խաչատրյանը՝ իր բացասական վերաբերմունքն արտահայտելով նաեւ երկրում առկա գնաճի եւ արտագաղթի մեծ չափերի նկատմամբ:




























