Ցավոք, խաղի կանոնները Եվրամիության «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրների համար չէ, որ հավասարազոր են գործում. մասնավորապես,  պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում է գործընկերության ձեւաչափում Հայաստանի հետ համագործակցությունից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին հայտարարել է Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուքի հետ (նստավայրը` Թբիլիսի) հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Զոհրաբյանը հիշեցրել է, որ Ալիեւի օրերս արած հայտարարությունը` Հայաստանին տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թողնելու վերաբերյալ, տարակուսանք  հայտնելով, որ ԵՄ-ն շարունակում է որեւէ կերպ չարձագանքել Ադրբեջանի ապակառուցողական քայլերին եւ գործելաոճին: Զոհրաբյանը նշել է, որ ակնկալում է ԵՄ-ի արձագանքը նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ռազմական բյուջեն մեծացնելու հետեւողական քայլերին:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Էստոնիան դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար արդեն հանել է վիզային ռեժիմը` հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ կմեկնարկեն ԵՄ-ի հետ ընդհանուր բանակցությունները` վիզային ռեժիմի դյուրացման շուրջ:

Կողմերը քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության հարցը, որի համատեքստում Զոհրաբյանը կարեւորել է ԼՂ-ում ԵՄ-ի կողմից հումանիտար ծրագրերի իրականացումը, նշելով, որ չճանաչված լինելը Արցախի ժողովրդին չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից:  Նա ընդգծել է, որ միջազգային  տարբեր կազմակերպությունների զեկույցների համաձայն` մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան տարածաշրջանի շատ երկրներ: