Այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել շուրջ 40 հազար առաջին դասարանցի, սակայն 9 դպրոցներ առաջին դասարանցի չեն ունեցել: Այս մասին նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով, այդ դպրոցներից 4-ը գտնվում է Սյունիքի մարզում: Արշակյանը նկատել է, որ ընդհանուր առմամբ, այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է. նախորդ տարի այդ թիվը կազմել է 37 հազար:

Բացի այդ, հայաստանյան դպրոցների թիվը նոր ուսումնական տարում կրճատվել է 13-ով: Լուծարված դպրոցները հիմնականում քաղաքային են եւ միավորվելու են մոտակա հաստատությունների հետ: Լուծարված 13 դպրոցներում ընդհանուր առմամբ կա 230 ուսուցիչ եւ վարչական աշխատող:

«Վստահեցնում եմ՝ այն բոլոր դպրոցները, որտեղ աշակերտները շարունակելու են իրենց կրթությունը, ունեն շենքային լավ պայմաններ, նյութատեխնիկական բազա, մանկավարժական համակազմ», -  նշել է Արշակյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ-ում գործող թվով 21 հատուկ դպրոց վերակազմակերպվելու է՝  դառնալով մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող կենտրոն:

Այս տարի առաջին կուրսեցիների թիվը 9900-ից ավելի է: Ընդ որում՝ նրանցից 1316-ը կսովորեն անվճար համակարգում: Այս տարի բուհ ընդունվել է 1300-ով պակաս ուսանող: