Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդ որսալու եւ ակտ գրելու  նոր մեթոդիկա են մշակել:  Տարբեր աղբյուրներից NEWS.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՃՈ աշխատակիցները հիշյալ մեթոդիկան կիրառում են հատկապես երեկոյան ժամերին՝ մութն ընկնելուն պես: Նրանք կանգնեցնում են առաջին հայացքից «կասկածելի» ավտոմեքենաներին եւ սկսում օպերացիան. Նախ պահանջում են փաստաթղթերը, երկար ու մանրազննին ուսումնասիրում վարորդական իրավունքի վրա փակցված լուսանկարը, հետո ստուգում են մեքենային առնչվող փաստաթղթերը, այնուհետ՝ խմածությունը, պահանջելով, որ վարորդը արտաբերի ավանդական «հո՜»-ն: Եթե չի հաջողվում «չեպեներ» արձանագրել, ՃՈ ոստիկաններն անցնում են «բուն թեմային» եւ պահանջում վարորդներից....քայլել, պարզապես քայլել: Այս հրահանգով հայրենի ոստիկանության ներկայացուցիչները ստուգում են ոչ դես, ոչ դեն՝ վարորդի «ոչ ստանդարտ սեռական հակումները»:

Երբ ոստիկանները քայլող վարորդների քայլքում ինչ-որ բան դուր չի գալիս, նրանք հարցնում են՝ «ընգեր ջան, դու կարող ա՞ նրանցից ես»: «Նրանցից» ասելով ՃՈ աշխատակիցները նկատի ունեն համասեռամոլներին: Որպես կանոն, այս հարցը լուրջ հակազդեցություն է առաջացնում վարորդների շրջանում: Լինում են նաեւ դեպքեր, երբ վիրավորված ինքնասիրությամբ վարորդները ոստիկանների հարցմանը պատասխանում են հայհոյանքով, հաճախ դիմելով նաեւ բռունցքների օգնությանը:

Իսկ եթե ոստիկանների կողմից իրականացված «համասեռամոլության» թեսթին մասնակցած վարորդների մեջ համասեռամոլներ են հայտնաբերվում, նրանց սպառնում է «ահեղ դատաստանը»: Պարզվում է, ոչ ստանդարտ սեռական հակումներ ունենալը եւ «այդ վիճակում» մեքենա վարելը տուգանվում է որոշակի գումարով կամ էլ...«բնամթերքով»:

Այս ֆոնին ուշագրավ է Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ մամուլում արած հայտարարությունը՝ կապված համասեռամոլների հետ. բայց ոչ թե վարորդ, այլ՝ «Կոմայգում» եւ այլ վայրերում երեւացողների վերաբերյալ:  Ոստիկանապետը խոստովանել է, որ ֆիզիկական զզվանք է զգում համասեռամոլների նկատմամբ: Բացի այդ, նշել է, որ  համասեռամոլներին  ոստիկանության աշխատակիցները տանում են, մի քանի հազար տուգանում եւ... բաց թողնում: