Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում եւ մատուռներում հիշատակի պատարագներ են մատուցվել։ Կիեւում հիշատակի պատարագ անցկացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մատուռում։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ը Հայաստանում 1988թ. Սպիտակի կործանարար երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: 10 բալանոց երկրաշարժը կես րոպեում հողին հավասարեցրեց երկրի հյուսիս-արեւմտյան շրջանները` մոտ մեկ միլիոն բնակչությամբ:
Պաշտոնական տվյալներով, զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը դարձան հաշմանդամ, անօթեւան մնացին 530 հազարը:
Երկրաշարժի հետեւանքով ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը: Ավերածություններ եղան 21 քաղաքներում եւ 324 գյուղերում: Քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայումս` Գյումրի) շինությունների 80 տոկոսը: Երկրաշարժի հետեւանքով շարքից դուրս եկավ հանրապետության արդյունաբերական ներուժի 40 տոկոսը:
1988-ին Հայաստանին օգնության ձեռք մեկնեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը:





























