Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ դեկտեմբերի 7-ին բազմաթիվ ստեփանակերտցիներ այցելել են քաղաքային հուշահամալիր, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամալիր են այցելել եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել նաեւ ԼՂՀ բարձրագույն իշխանությունները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

 Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն է անցկացվել` Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ: Ինչպես իր խոսքում նշեց Պարգեւ Սրբազանը, Սպիտակի երկրաշաժի արհավիրքը եղավ այն ժամանակ, երբ արցախյան շարժումը թափ էր առնում:

Այն, ըստ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդի, մեծ փորձություն էր հայ ժողովրդի համար, որը վերջինս հերոսաբար կարողացավ հաղթահարել եւ շարունակում է վերացնել հետեւանքները: Այսօր Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաեւ ԼՂՀ բոլոր շրջաններում: