Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պատրաստ է ձմռանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր մայրաքաղաքում կա 270 միավոր հատուկ տեխնիկա: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, մինչեւ տարեվերջ դրանց կգումարվի եւս 27 նոր մեքենա-սարքավորում, որից 17-ը` մայթերի, 10-ը` փողոցների մաքրման համար են նախատեսված: Մեքենա-սարքավորումների գնման պայմանագրերն արդեն ստորագրված են. օրերս դրանք կներկրվեն Հայաստան:
Ձմռան նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ Երեւանում 1000 տոննա աղ եւ 3000 խմ ավազ է կուտակվել:
Զգալի աշխատանք է կատարվել նաեւ բազմաբնակարան շենքերի ձմռան նախապատրաստման ուղղությամբ: Մայրաքաղաքում վերանորոգվել է 9000 քմ հարթ եւ 44.000 քմ թեք տանիք։ Ջերմամեկուսացվել է 8400 գծամետր խողովակ։ Ապակեպատվել 7000 քմ տարածք։ Նորոգվել է 17.500 գծամետր ջրթափ խողովակ։ Շուրջ 500 շենքերի մուտքի ու տանիքների դռներ փոխարինվել են նորերով։




























