«Յուրաքանչյուր քաղաքական ուժ հայ-թուրքական արձանագրության մեջ փորձում է տեսնել այն, ինչ իրեն է ձեռնտու»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Հնչակյանները,ինչպես ընդգծեց ատենապետը, համարում են, որ, անկախ միջպետական հանձնաժողովում պատմական ենթահանձնաժողովի ստեղծումից՝ ցեղասպանության հարցում որեւէ փոփոխություն չի լինի։

«Եթե խոսքը գնում է արխիվների բացման մասին, ապա մենք ցեղասպանության հարցը արդեն իսկ դնում ենք կասկածի տակ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա ՍԴՀԿ առաջնորդի խոսքերով, փաստաթղթում ակնհայտ երեւում է, որ սահմանների բացումը վերահաստատելու վերջնական համաձայնություն կա, ինչը նշանակում է, որ հայերը որպես ժողովուրդ՝ Թուրքիայի նկատմամբ այլեւս տարածքային անջատելիության խնդիր առաջ չեն քաշելու,ինչը շատ վտանգավոր է։

Լյուդմիլա Սարգսյանը անդրադարձավ նաեւ մեր Սփյուռքի հայրենակիցներին, նշելով, որ նրանք ցեղասպանության անմիջական ժառանգներն են,որոնք ուզում են վերադարձնել պատմական հողերը եւ վերագտնել իրենց տները։

«Պետք է հաշվի առնել նաեւ Սփյուռքի կարծիքը, հասկանալ , որ այնտեղ սերունդներ են դաստիարակվում եւ նրանց չի կարելի զրկել այդ իրավունքից»,-հայտարարեց նա։