Հանրաճանաչ «Կասաբլանկա» հոլիվուդյան ֆիլմի գովազդային պաստառը (1942 թվական) 487 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնել են Heritage Auctions աճուրդի տան ներկայացուցիչները։
Խոսքը 1946 թվականին ֆիլմի միայն իտալական պրեմիերայի համար պատրաստված պաստառի մասին է. պրեմիերան ԱՄՆ-ում ֆիլմի օրիգինալ ժապավենի թողարկումից 4 տարի անց է տեղի ունեցել։ Դրանում սպիտակ-կանաչ ֆոնին պատկերված են դերասաններ Համֆրի Բոգարթն ու Ինգրիդ Բերգմանը, որոնք այդ դասական ֆիլմի գլխավոր դերակատարներն են։ Ֆիլմը երկրորդ համաշխարհային պատերազմի ֆոնին սիրո պատմություն է պատմում։
Ազդը նախկինում Լոնդոնում մասնավոր կոլեկցիոների էր պատկանում։ Պաստառի նոր սեփականատերը իր անունը բարձրաձայնել չի ցանկացել։
Դալասում գտնվող (Թեխասի նահանգ) աճուրդի տան ներկայացուցիչները լոթը սկզբում ավելի քան 200 հազար դոլար են գնահատել, սակայն արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները։
«Ես գիտեի, որ այս պաստառը առանձնահատուկ է, սակայն նման արդյունքի սպասել անգամ չէի կարող»,-ասել է Heritage Auctions-ի ներկայացուցիչ Գրեյ Սմիթը։




























