Երեւանի «Վիքենդ» կոչվող բիլիարդի խաղասրահում աղջկան պատանդ վերցնելու գործով պարզվել է Գոռ Հակոբյանի բնակության վայրը, եւ դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել այնտեղ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից։ Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաեւ նրա ավտոմեքենայի սրահից։ Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ նա ընտանիքի հետ միասին Հայաստանից մեկնել է 1997թ.` մշտական բնակություն հաստատելով ԱՄՆ- ում, 2008թ. ՀՀ քաղաքացիություն է ստացել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջը պատանդ վերցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 29-ին, «Վիքենդ» բիլիարդ բարում 30-ամյա տղամարդը աղջկա է պատանդառել: Տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով, նրան հիվանդանոց են հասցրել մահացած վիճակում:
Պատանդառված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նախնական տվյալով, աղջկա մարմնի վրա կան կապտուկներ, քերծվածք պարանոցի շրջանում, սալջարդեր:




























