Երեւանում Իրանի դեսպանատունն ուսումնասիրում է Սպահան քաղաքում դեկտեմբերի 3-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալների կողմից տեղի հայ համայնքի ներկայացուցիչ 14-ամյա աղջկան ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանում Իրանի դեսպանատնից, որին երեկ՝ դեկտեմբերի 6-ին, նամակ էինք ուղարկել հիշյալ տեղեկության իսկությունը ճշտելու եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալու խնդրանքով: «Այս պահի դրությամբ որեւէ բան հայտնել չենք կարող: Նամակն ուսումնասիրվում է»,-փոխանցեցին դեսպանատնից:   

Ինչպես ավելի վաղ  հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով  NCR-Iran.org-ը, դեկտեմբերի 3-ին իրանական Սպահան քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալները դաժանաբար ծեծել եւ ձերբակալել էին տեղական հայ համայնքի 14-ամյա մի ներկայացուցչուհու: Վաղ առավոտյան աղջկան կանգնեցրել էին Կորպուսի պահապանները եւ հայտարարել, թե նա «ոչ պատշաճ է հագնված»: Զինվորականները ցանկացել էին ձերբակալել աղջկան, սակայն նա դիմադրություն էր ցույց տվել: Աղջկան օգնության էին շտապել այլ դեռահասներ, որոնք փորձել են համոզել Կորպուսի պահապաններին՝ չձերբակալել աղջկան:

Պահապաններին օգնության էին հասել հատուկ ծառայությունների գործակալները, որոնք ցրել են երիտասարդներին, իսկ աղջկան դաժան ծեծի ենթարկել եւ ձերբակալել:

Նշենք նաեւ, որ NEWS.am-ին Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթից հայտնել էին. «Ի սկզբանե, Իրանի վերաբերյալ սխալ ինֆորմացիա է տեղ գտել լրատվական կայքում, եւ ընդհանրապես նման միջադեպ տեղի չի ունեցել: Դա ապատեղեկատվություն է»: