Հայ ազգային կոնգրեսի հեղինակած փաստաթուղթը ՄԱԿ-ում շրջանառության մեջ դնելու վերաբերյալ ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ որեւէ քննարկում չի եղել: Խոսքը ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից առաջարկված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի մասին է:

«Նման փաստաթղթեր առաջ մղելու համար պետք է համապատասխան հեղինակություն ունենալ: Ես կասկածում եմ, որ իշխանություններն ունեն հեղինակություն, եւ բացի այդ՝ աջակցություն, որպեսզի  ՄԱԿ-ում կարողանան նման փաստաթուղթ առաջ մղել: Կարծում եմ, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ ՄԱԿ-ում ներկայացնելու դեպքում առաջարկվող փոփոխություններն այնքան շատ լինեն, որ փաստաթուղթը լրիվ ձեւախեղված տեսք ստանա»,-NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին, թե ընդհանրապես՝ արտաքին խնդիրների հետ կապված իշխանություններն ընդդիմությանը համագործակցության առաջարկ արե՞լ են, ՀԱԿ ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց: «Մենք չենք էլ կարող ողջամիտ առաջարկություն ստանալ: Նկատել եմ, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը շարունակ դրսից մարդկանց է նշանակում կամ պատրաստվում նշանակել դիվանագիտական առանցքային պաշտոններում: Այսինքն, հետեւողական պրոֆեսիոնալիզմը դուրս մղելու գործընթաց է տեղի ունենում: Ես ափսոսում եմ, բայց դա անհետեւանք չի մնա, եւ մենք կարող ենք ականատես լինել արտաքին ասպարեզում մեկը մյուսի հետեւից արձանագրվող զիջումների»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա նաեւ ընդգծեց, որ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը թեեւ այս պահին որեւէ փաստաթղթի վրա չի աշխատում, սակայն շատ ակտիվ է հանրային շփումներում եւ գնահատականներ է տալիս արտաքին գործընթացների վերաբերյալ: