Ջուլիան Ասանջի՝ տարվա մարդ դառնալու շանսերը հավասար են զրոյի: Time հանդեսը Wikileaks-ի հիմնադրի անունը հանել է «տարվա մարդ» հարցման ցանկից:

Նշենք, որ ավելի վաղ Ասանջը առաջատար դիրքեր էր զբաղեցնում ազդեցիկ ցանկում, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Lady GaGa-ի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ այլոց անուններն են:

Հանդեսը «տարվա մարդ» կոչումն ամեն տարի շնորհում է մարդկանց, ովքեր առավել խորը ազդեցություն են ունեցել համաշխարհային իրադարձությունների վրա:

Նախորդ տարի Time-ը «տարվա մարդ» էր ճանաչել Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեին, 2008-ին՝ Բարաք Օբամային, իսկ 2007-ին՝ Վլադիմիր Պուտինին:

Wikileaks-ի հիմնադիրը դեկտեմբերի 7-ին ինքնակամ հանձնվել է բրիտանական ոստիկանությանը: Նրան հետախուզում էին շվեդական ոստիկանության հարցումով: